Իսպանիայում Ալխեսիրաս քաղաքի պարեկատան Քաղաքացիական գվարդիան Տարիֆա քաղաքի լողափին լքված ամենագնացից 2,1 տոննա հաշիշ է առգրավել: Այդ մասին տեղեկացրել են թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչները, տեղեկացնում է Teleprensa պորտալը:
Թմրանյութը հայտնաբերվել է հանգստացողներից մեկի հեռախոսազանգի շնորհիվ, որը պատմել է Բալդեբակերոս ծովախորշում կասկածելի մեքենայի մասին:
Տեղ հասած պարեկները հայտնաբերել են ավազի մեջ խրված ամենագնացը` ներսում հաշիշի տասնյակ տուփերով, դրանից 300 մետր հեռավորության վրա եւս վեց տուփ է եղել: Ընդհանուր առմամբ գվարդիան առգրավել է թմրանյութի 66 տուփ ընդհանուր` 2140 կգ քաշով: Հաստատվել է, որ ավտոմեքենան 2015-ի ամռանը առեւանգել էին Տորոկս քաղաքից, տեղեկացնում է Lenta-ն:
Իսպանիայի հարավով է անցնում մաքսանենգների հիմնական ուղին, որոնք Մարոկկոյից Մալագայով` իսպանական նույնանուն նահանգի մայրաքաղաքով թմարանյութ, այդ թվում նաեւ` հաշիշ են տեղափոխում Գերմանիա: Ինչպես ճշտում է իսպանական ABC թերթը, փոխադրումներն իրականացվում են Մալագայից Ֆրանկֆուրտ մեկնող երթային ավտոբուսներով կամ կրկնակի հատակով ավտոմեքենաներով:




























