ՌԴ Պետդուման երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը, որը իրավունք է տալիս Ռուսաստանում անկատարելի ճանաչել միջազգային դատարանների որոշումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրենքին կողմ է քվեարկել 436 պատգամավոր։ Դեմ է եղել 3 խորհրդարանական։

Օրինագծի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարող է ՌԴ իշխանություններին հնարավորություն տալ հրաժարվել ոչ միայն ՄԻԵԴ-ի,  այլ նաեւ  մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ցանկացած միջպետական մարմնի վճիռները կատարելուց։

Այդ դասակարգման մեջ են մտնում Եվրոպայի խորհրդում ստեղծված կազմակերպությունները եւ տարբեր միջազգային կառույցները, օրինակ, ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովը։ Օրենքը կվերաբերի նաեւ ՄԱԿ  միջազգային դատարանների որոշումներին։