Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Սերժ Սարգսյանը տապալել է մեր երկրի անվտանգությունը։  Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

«Ո՞վ էր 1992թ. գլխավորում Արցախի ինքնապաշտպանական ուժերը, երբ հայկական ուժերը հանձնեցին Մարտակերտը, ո՞վ էր պաշտպանության նախարարը 1993թ., երբ ադրբեջանական զինվորները հայտնվեին Վարդենիսի մոտ, մեր զինվորները թողեցին Հորադիզը, ո՞վ էր մեր երկրի ՆԳ եւ ԱԱ նախարարը, երբ մեր երկրում անպատիժ սպանում էին քաղաքական գործիչներին, ո՞վ էր ԱԱԾ պետը, երբ մի խումբ մարդիկ մտան ԱԺ եւ սպանդ կազմակերպեցին Սերժ Սարգսյանը»,- նշել է Ղուկասյանն ու հավելել, թե այսօր Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս եւ խոսում է իր փորձից։ «Երկրի անվտանգությունը ձախողած մարդը առնվազն էշի տեղ է դնում 3 մլն մարդու Հայաստանում»,- ասել է Ղուկասյանը։

Նրա խոսքով, եթե Սերժ Սարգսյանն ասելիք ուներ եւ մտահոգ էր անվտանգության հարցերով, 2005թ. երբեւիցե չի խոսել ու արտահայտվել, թե սահմանադրությունը վտանգավոր դրույթներ էր պարունակում, որոնք կարող են խարխլել մեր երկրի անվտանգությունը։ «Որեւէ դիտողություն չի ունեցել, երբ առաջադրվում էր, երկրի նախագահ է դառնում։ Իր պաշտոնավարման ողջ ընթացքում նա տապալել է մեր երկրի անվտանգությունը։ Ես պարզապես զարմացած եմ, որ նման ելույթ կարող է հնչել Հայաստանում»,- նշել է Ղուկասյանը։

Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հանրահավաք եւ երթ է արել, որի ընթացքում մի քանի միջադեպեր են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Երթից հետո «Նոր Հայաստանը» անժամկետ նստացույց էր սկսել Երեւանի Ազատության հրապարակում։