Դեկտեմբերի 4–ին ինքնասպանության փորձ կատարած 18-ամյա Հովհաննեսը, որը փախել էր Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի բժշկի սենյակից՝ դեռ բաժանմունք չընդունված, կրկին վերադարձվել է դիսպանսեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, պատմելով դեպքի մանրամասները.
«Գողության կապակցությամբ և բազմաթիվ նմանատիպ հանցագործություններից հետո նա դիսպանսերում մի քանի անգամ անցել է հարկադիր բուժում վարքային խանգարումների կապակցությամբ, քանի որ ճանաչվել է անմեղսունակ: Եվ այս անգամ հերթական հանցանքից հետո, երբ անցել է դատաբժշկական փորձաքննություն, տրվել է եզրակացություն, որ նա պետք է անցնի հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցում: Բայց մինչև հարկադիր բուժումը դատարանը որպես անվտանգության միջոց որոշել է նրան տեղավորել հոգեբուժարանում: Եվ երբ նրան ոստիկանների ուղեկցությամբ բերել են դիսպանսեր, դեռ բաժանմունք չընդունված նա բժշկի կաբինետի ապակին կոտրելով դուրս է թռել պատուհանից ու դիմել փախուստի»:
Որոշ ժամանակ անց երիտասարդին գտել ու տարել էին Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ մեկ ժամ մնալուց հետո, սակայն, նրան կրկին վերադարձրել են դիսպանսեր:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասապանություն գործել` ծառից կախվելով. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1997 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով, վերջինս հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Պարզվել է, որ Հ. Ա.-ը ս.թ. դեկտեմբերի 4-ին դատարանի որոշմամբ տեղափոխվել է Վանաձորի հոգեբուժարան, որտեղից նույն օրը դիմել է փախուստի:



























