2010-2014 թթ. Հայաստանում գնաճը 6 տոկոս է կազմել: Այս մասին դեկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
Նշված ժամանակաշրջանում, նրա խոսքով, կաթի գինը երկրում 328 դրամից 440 դրամ է դարձել, շաքարավազը 343 -ից 364 դրամ: «Տավարի մսի գինը 2000-ից 2400 դրամ է դարձել, նույնը՝ նույնիսկ ավելի մեծ դինամիկայով խոզի մսին է վերաբերվում»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն Հայաստանում սպառողական նվազագույն զամբյուղը 60 հազար դրամ է կազմում: «Բնակչության մոտավորապես 90 տոկոսի եկամուտները նշված գումարից քիչ են: Հանրապետության մարզերում աղքատությունը կազմում է 23 տոկոս, հանրապետությունում աղքատության միջին մակարդակը 17 տոկոս է: Հարուստները մեր երկրում մոտավորապես 8-10 տոկոս են: Մնացածը բավականին համեստ են ապրում»,- հավելել է Ահարոն Ադիբեկյանը:




























