ԱՄՆ Ռայսի համալսարանի մասնագետները մեծամասշտաբ հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են տարբեր երկրների գիտնականները: Այս միջազգային հարցման նպատակն է եղել պարզել, թե ինչպես են գիտնականները վերաբերվում կրոնին: Այս մասին ասված է համալսարանի պաշտոնական կայքում:

Հովարդ Էկլանդն ասում է, որ ինքն ու իր գործընկերները ցանկացել են հերքել այն  կարծրատիպը, թե բոլոր գիտնականները աթեիստ են:

Պարզվել է, որ այն երկրներում, որտեղ կրոնին մեծ տեղ են տալիս՝ Թուրքիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Թայվանում, գիտնականները խոստովանել են, որ հավատում են Աստծուն, փոխանցում է Informing-ը:

Շատ երկրներում, որոնց բնակիչները մասնակցել են փորձին, գիտնականների շրջանում հավատացյալների թիվն ավելի քիչ է եղել, քան մյուս մասնագետների շրջանում: Բացառություն է կազմել Հոնկոնգը, որտեղ հավատացյալ գիտնականների թիվը 39 տոկոս է եղել՝ ի տարբերություն մնացած տեղաբնակների, որոնց շրջանում Աստծուն հավատացողների թիվը 20 տոկոս է կազմել:

Ի թիվս այլ հարցերի՝ եղել է նաեւ կրոնի եւ գիտության համատեղելիության մասին հարցը: Մեծ Բրիտանիայում մասնագետների 32 տոկոսը նշել է, որ այդ 2 աշխարհայացքներն անհամատեղելի են, իսկ ԱՄՆ-ում նման կարծիք է հայտնել գիտնականների 29 տոկոսը:

Ի մի բերելով հետազոտության տվյալները՝ կարելի է նշել, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում, որտեղ արդյունաբերությունն ու տնտեսությունն ավելի բարձր մակարդակի վրա են, գիտնականների շրջանում ավելի շատ են եղել աթեիստները:

Հարցումն անցկացվել է 7 երկրների՝ Իտալիայի, Թայվանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ ՉԺՀ Հոնկոնգ վարչական շրջանի 9422 բնակիչների շրջանում: