Սպիտակ-Երևան տանող ճանապարհին կից բարձունքում այսօր տեղադրվեց 88-ի երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած խորհրդային զինվորների հավաքական հուշարձանը` խորհրդային զինվոր` երեխան գրկին։

«27 տարի առաջ այս օրը Հայաստանում սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ: Երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակից հեռու չէր և քաղաքը մեծ չափերի վնասներ կրեց: Տուժածներին առաջին օգնություն հասցնելու հարցում մեծ դեր ունեցան խորհդրային զինվորները: Դրա համար Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ մենք որոշեցինք բացել այն զինվորների հուշարձանը, ովքեր առաջինը եկան այստեղ օգնելու մարդկանց»,- նշեց բացման պաշտոնական արարողությանը մասնակցող` Ռուսասատանի Դաշնության մշակույթի նախարարի  տեղակալ Գրիգորի Փիրումովը, հույս հայտնելով, որ այս իրադարձությունն ավելի կնպաստի Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը:

Վերջինիս խոսքով` հուշարձանի ստեղծումը ֆինանսավորվել է բարեգործական ֆոնդերի ու անհատների կողմից տրամադրված միջոցների հաշվին։

«Ինչքան էլ ժամանակ անցնի, մեզ համար դեկտեմբերի 7-ը սգո օր է, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մոռանալ այն ձեռքերը, որոնք մեկնվեցին հայ ժողովրդին՝ օգնության ձևով», - ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

3.5 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանի ստեղծման գաղափարը նախկինում Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, այժմ «Սպիտակ ֆոնդ» հասարակական կազմակեպության ղեկավար Նորայր Մուրադյանինն է։ Ճարտարապետների աշխատանքային խմբի ղեկավարը Վադիմ Ֆրոլովն է, քանդակագործը՝ Ալեքսանդր Միրոնովը, ովքեր նույնպես այսօր ներկա էին հուշարձանի բացման արարարողությանը:

«Սկզբնական շրջանում ինչ-որ աբստրակտ քանդակ ստեղծելու գաղափարն էր քննարկվում, սակայն հետո հասկացանք, որ չարժե աբստրակտ քանդակ ստեղծել, որովհետև այդ դժբախտության մասնակիցները հենց մարդիկ էին: Այս քանդակում երեխան հանդիսանում է փրկված կյանքի խորհդանիշը: Հենց սրա վրա ենք շեշտը դրել»,- NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ա. Միրոնովը` հավելելով , որ աշխատանքները տևել են մեկ տարուց ավելի, ծախսվել է մոտ 6 մլն ռուսական ռուբլի: