2009–ից ի վեր Լոռու մարզում շահառու է ճանաչվել աղետի հետևանքով անօթևան մնացած 1650 ընտանիք, որից 22-ը՝ Վանաձորում, 249-ը՝ Սպիտակում, 47-ը՝ Ստեփանավանում, 1332-ը՝ 33 գյուղական բնակավայրերում:
Մինչեւ 2015թ. իրականացված շինարարական ծրագրերի շրջանակներում լուծվել է շահառու ճանաչված 1650 ընտանիքներից 1255-ի բնակապահովման խնդիրը, որից 8-ը՝ Վանաձորում 8, 199-ը՝ Սպիտակում, 47-ը՝ Ստեփանավանում, 1001-ը՝ գյուղական բնակավայրերում:
Այժմ բնակարանամուտի իրենց հերթին են սպասում մարզի 385 ընտանիքներ. 14-ը՝ Վանաձորում, 50-ը՝ Սպիտակում, 321-ը՝ գյուղական բնակավայրերում:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ նախատաեսվում է, որ հաջորդ տարի կլուծվի բոլոր անօթեւաններին բնակարանային խնդիրը։
«Այսօրվա մեր ունեցած ինֆորմացիայով 2016-ին պետք է վերջապես վերջակետ դրվի այսքան տարիներ ձգձգված խնդրին: 2015թ. նոյեմբերի 19-ին կառավարությունը որոշում է ընդունել բնակարանների գնման վկայագրերի միջոցով լուծել Վանաձորի 14 ընտանիքների, ինչպես նաև գյուղական բնակավայրերից դատական վճիռներով իրենց իրավունքը վերականգնած մեկ սենյակի հավակնող 12 ընտանիքների հարցը, վերջին խմբի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրելով 3 մլն դրամ: Որոշումն ուժի մեջ մտնելուն պես մենք կսկսենք գործընթացը: Գյուղական բնակավայրերի հարցը պետք է լուծվի մինչև դեկտեմբերի 24-ը, իսկ ԲԳՎ-ների Վանաձորի գործընթացը կսկսվի այս տարի, բայց կշարունակվի 2016-ին, քանի որ այն ժամանակատար է: Սպիտակի 50 և գյուղական բնակավայրերի 321 ընտանիքների բնակապահովման հարցը տեղափոխված է 2016 թվական»,– ասաց Լեւոն Ասլանյանը։




























