Բնական հեղուկ գազի (ԲՀԳ) մատակարարի կարգավիճակում Ռուսաստանին Կատարով փոխարինելը Թուրքիայի համար հեռավոր հեռանկար է, գրում է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences Po) աշխատակից Օլգու Օկումուշը Al-Monitor պարբերականում:
Թուրքական եւ կատարյան պատվիրակությունների դեկտեմբերի 2-ի բանակցությունների արդյունքում ավելի քան տասը համաձայնագիր է կնքվել պաշտպանության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, նշում է վերլուծաբանը: «Անադոլու» գործակալությունը հաղորդել է նաեւ թուրքական նավթային Botas պետական կորպորացիայի եւ կատարյան Qatar Petroleum-ի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: Թուրքիայի խորհրդարանի մամուլի հաղորդագրությունում ներկայացված են Էրդողանի խոսքերը. Թուրքիայի նախագահն ասում է, որ Դոհան Անկարային առաջարկել է ԲՀԳ-ի երկարաժամկետ մատակարար դառնալ «հայտնի հանգամանքների հետ կապված» եւ Թուրքիան մտածում է այն քայլերի մասին, որոնք հնարավոր է ձեռնարկել այդ ուղղությամբ:
Թուրքիայում «հայտնի հանգամանքներ» ասելով հասկանում են ռուսական Սու-24-ի կործանման միջադեպը, որից հետո Անկարայի մոտ մտավախություն է առաջացել, թե Մոսկվան կարող է դադարեցնել գազի մատակարարումը, նշում է Օկումուշը: Շատ փորձագետներ սկսել են խոսել այն մասին, որ Կատարը կկարողանան Թուրքիային մատակարարել տարեկան 27 մլրդ խորանարդ մետր գազի ծավալը, որը մատակարարվում է Ռուսաստանից. թուրքական ինտերնետային Radikal պորտալը գրել է «ռուսական գազին այլընտրանք գտնելու» մասին, իսկ ամենշաբաթյա HaberTurk-ը Կատարի հետ բանակցությունները կոչել է «կանխարգելման միջոցներ», որոնք ի վիճակի են ապահովագրել ռուսական ԲՀԳ-ի մատակարարման դադարեցման ռիսկերից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այդ փաստարկները իրատեսական չեն, որովհետեւ Թուրքիան այսօր չունի գազաֆիկացիայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ այնպիսի պահեստարաններ, որոնցում հնարավոր լինի պահեստավորել ամեն տարի Ռուսաստանից ներմուծվող 27 մլրդ խորանարդ մետր գազը», — ենթադրում է փորձագետը:
Ռուսական բնական հեղուկ գազի արտահանումը բավարարում է Թուրքիայի ներքին պահանջարկի կեսը, հավելում է Al-Monitor-ի վերլուծաբանը: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, Անկարան ի վիճակի է վերագազավորել տարեկան տասնչորս միլիարդ խորանարդ մետրից ոչ ավելի, իսկ թուրքական պահեստարանները ընդամենը 3 միլիարդ խորանարդ մետր տարողունակություն ունեն, պահանջարկի 5 տոկոսից էլ պակաս: Ամեն դեպքում նման ենթակառուցվածքով Թուրքիան կարող է գազի պահանջարկի 20-ի բավարարման հույս ունենալ:
Օլգու Օկումուշը նշում է, որ Botas-ի եւ Qatar Petroleum-ի միջեւ նախկինում էլ են նման համաձայնագրեր ստորագրվել, օրինակ` 2009-ին եւ 2014-ին, սակայն Դոհան այդպես էլ չի դարձել Անկարայի համար գազի խոշորագույն մատակարարը. այժմ կատարյան ԲՀԳ-ն չի կարող գնի առումով մրցակցել Ռուսաստանից գազամուղով ներմուծվող գազի հետ:
Հաշվի առնելով, որ ներկայումս Թուրքիայի էներգոդեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 6 տոկոսը եւ երկրի առեւտրական հաշվեկշռի դեֆիցիտի 58 տոկոսը, ներմուծվող էներգառեսուրսների գնային գործոնը հատկապես կարեւոր կդառնա Անկարայի համար. կատարյան թանկարժեք գազի ներմուծումը միայն կմեծացնի առկա դեֆիցիտը, հավելում է պարբերականի վերլուծաբանը:



























