Պատմության ընթացքում շատ դառը իրադարձություններ են եղել, բայց հայ ու թուրք ժողովուրդները պարտավոր են առաջ շարժվել երաժշտության միավորիչ ուժի շնորհիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրք երաժիշտ Գյեքսել Բաքթահիրը, որը մասնակցում է հայ ու թուրք երաժիշտների «Հարմոնիայի մեղեդի» «Ներդաշնակության մեղեդի» միջմշակութային նախաձեռնությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ղեկավարության ժխտողական քաղաքականության նկատմամբ թուրք հասարակության վերաբերմունքին՝ երաժիշտը արձանագրեց, որ քաղաքական փոխհարաբերություններն ազդում են փոխգործողությունների տարբեր ոլորտների վրա: «Եթե վերլուծենք Հունաստանի հետ հարաբերությունները, ապա պետք է ասել, որ արդեն 13 տարի է մենք մեկնում ենք Հունաստան, այնտեղ տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Բայց 13 տարի առաջ որևէ թուրքի այցելությունը Հունաստան շատ թշնամաբար էր ընկալվում, իսկ հիմա մենք բաժանվում ենք իրարից՝ արցունքներն աչքներիս »,- պատմեց Գյեքսել Բաքթահիրը:

Այն հարցին, թե ինքն ինչ կոչ կաներ Թուրքիայի կառավարությանը, Գյեքսել Բաքթահիրը նշեց. «Մենք երաժիշտներ ենք, մեր գործը երաժշտությունն է, երաժշտությունը բուժելու հատկություն ունի, այն բուժում է հոգիները: Մի շատ հետաքրքիր պատմություն կա՝ թագավորը այցելելով մի իմաստուն մարդու, նրան ոսկյա մկրատ է նվիրում, ինչը իմաստունին դուր չի գալիս: Երբ թագավորը հարցնում է, թե ինչն է խնդիրը, նա պատասխանում է «Գոնե մկրատի փոխարեն ասեղ նվիրեիր, քանի որ մկրատը ամեն ինչ կտրում է ու բաժանում, իսկ ասեղը միացնում է»: Եվ մենք այս հարցում ոչ թե մկրատի, այլ ասեղի դեր ենք կատարում՝ փորձելով միացնել երկու ժողովուրդներին»:

Դեկտեմբերի 14-ին «Ներդաշնակության մեղեդի» նախաձեռնության շրջանակում հայկական The Beautified Project ռոք խումբը, հայկական ծագումով թուրք երգչուհի Սիբիլ Բբեքթորոսօղլուն ու ժողգործիքների հանրահայտ թուրք կատարողներ Գյեքսել Բաքթահիրը, Բուրաք Մալչոքը, Օսման Յուրդալ Թոքջանը ու Մերթ Էլմասը համերգ կտան Երևանում: Դեկտեմբերի 22-ին նույնատիպ համերգ կլինի նաև Ստամբուլում: