2015թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել ավելի քան 16 հազար զբոսաշրջիկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ, նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը՝ նշելով, որ 2014թ.-ին ԼՂՀ է այցելել մոտ 14 հազար զբոսաշրջիկ:

«Զբոսաշրջիկներին գրավում է արցախյան հյուրասիրությունն ու պատմամշակութային օջախները: Բացի դրանից, այսօր արդեն կարողանում ենք զբոսաշրջիկներին ապահովել համապատասխան հյուրանոցային պայմաններով, որը նույնպես շատ կարեւոր է»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

ԼՂՀ զբոսաշրջիկներն այցելում են մեծ մասամբ մարտից-նոյեմբերն ընկած ժամանակահատվածում: Արցախում գործում է տուրիզմի տարբեր տեսակներ, այդ թվում նորագույն ռազմապատմական զբոսաշրջությունը, որը կարելի է բնութագրել՝ որպես տվյալ երկրի ռազմական ներուժին, տեխնիկային ծանոթանալու նպատակով այցելություններ այս կամ այն երկիր, որտեղ ժամանակին հայտնի պատերազմներ կամ ռազմական գործողություններ են տեղի ունեցել:

«Արցախ մեծ մասամբ գալիս են ԱՊՀ երկրներից, Իրանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, մարդիկ, որոնց հետաքրքրում է մեր մշակույթը»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը՝ նշելով, որ դեկտեմբերից տուրիստների թիվը նվազել է:

Արցախում աշխատող զբոսավար Արուսյակ Ադամյանի խոսքով՝ տուրիստներն այցելում են հիմնական ճանաչողական նպատակով:

«Գները տատանվում են, օրինակ 3 օրը 3-անգամյա սնունդով, բարձրակարգ հյուրանոցում արժե միջինը 50-57 հազար դրամ: Կան ավելի ցածրակարգ հյուրանոցներ, որտեղ օրը 10 հազար դրամ է: Որպես կանոն, մեծ մասամբ ամռանն են գալիս զբոսաշրջիկները: Սակայն Ամանորին էլ են այս տարի շատ տուրիստներ եկել. Դեկտեմբերի 10-ի դրությամբ հյուրանոցներում ազատ սենյակ չկա»,- ասաց Արուսյակ Ադամյանը: