ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանի կարծիքով՝ անցած շաբաթավերջին հրապարակված լրագրողների հավատարմագրման կարգն առանձնապես չի տարբերվում նախորդ կարգից:
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ստորագրությամբ նոր կարգ է հրապարակվել, որի 21-րդ հոդվածում, մասնավորապես նշված է. «Հավատարմագրված լրագրողը հավատարմագրով Ազգային ժողովի վարչական տարածք կարող է մուտք գործել միայն ԱԺ նիստերի, քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցների, մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների, մամլո ասուլիսների, ինչպես նաեւ ԱԺ-ում անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է հասարակայնության հետ կապերի վարչությունը»: Ի դեպ, նախկինում նման սահմանափակում չկար, եւ լրագրողները հնարավորություն ունեին ոչ թե 3 շաբաթը մեկ, այլ միշտ այցելել ԱԺ եւ լուսաբանել Ազգային ժողովի գործունեությունը:
NEWS.am-ի դիտարկմանը, թե լրատվամիջոցների խմբագիրներն ու փորձագետները իրավունքների սահմանափակում են որակում նոր կարգը, Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարը պատասխանեց ռուսաստանցի մի գործչի ասույթով. «Мухи отдельно, котлеты отдельно»: Ըստ Պետրոսյանի՝ նոր կարգը մշակվել է նրա համար, որ համապատասխանեցվի 2004թ. ընդունված «Լրատվամիջոցների մասին» օրենքին, իսկ սահմանափակումների մասին խոսակցությունները զուտ շահարկումներ են: «Կան փոփոխություններ, որ վերաբերում են լրագրողների ելումուտին, եւ որոնք բխում են օրենքի պահանջից»,- նշեց Պետրոսյանը եւ հավելեց, թե ինքն ունի ԱԺ նախագահի հստակ հանձնարարությունը, որ լրագրողների աշխատանքին ոչինչ չխոչընդոտի:
Ավելին, ըստ խոսնակի՝ նախորդ կարգը չէր բխում օրենքից եւ շուրջ 5 տարի լրագրողները ապօրինի հիմունքներով են լուսաբանել ԱԺ գործունեությունը:
Նոր կարգում նաեւ նշված է, որ միայն հազարից ավելի տպաքանակ ունեցող թերթերը եւ 800-ից ավելի այցելու ուենցող կայքերն իրավունք ունեն լրագրող հավատարմագրել Ազգային ժողովում: Պետրոսյանն, օրինակ, կայքերի այցելուների թիվը որոշել է ստուգել «Google analitics» կայքի միջոցով, իսկ թերթերի մասով էլ ասաց. «Ամեն պատի թերթ իրավունք չունի հավատարմագրվել»: Իսկ ամեն քրեական հեղինակություն իրավունք ունի՞ դառնալ ԱԺ պատգամավոր՝ հարցն այդպես էլ մնաց անպատասխան:




























