Խորհրդային ժամանակաշրջանի համատարած դեֆիցիտից հետո ներկայում ապրանքաշուկայում տիրող իրավիճակը երազային է թվում: Գնիր՝ ինչ ուզում ես, միայն թե փող լինի: Եվ իսկապես, «խորհրդային» 5-6 տեսակի հեռուստացույցների փոխարեն հիմա տասնյակ մոդելներ են առաջարկվում, այդ թվում՝ աշխարհի առաջատար ընկերությունների, որոնք հոգ են տանում իրենց առեւտրային վարկանիշի մասին եւ ձգտում են գնորդին դժգոհության առիթ չտալ:

Բայց այս ամենի հետեւում հաճախ նույն դեֆիցիտն է թաքնվում: Խոսքն ապրանքների պահեստամասերի մասին է: Մեկ օրինակ. քաղաքացին բազմաֆունկցիոնալ սարք է գնել, որը ներառում է տպիչ, սքաներ, ֆաքս եւ պատճենահանող սարք: Ընդ որում, ոչ թե անհայտ, այլ աշխարհահռչակ Canon ընկերության արտադրանք:

Այն, բնականաբար, քարթրիջում առկա թանաքի կարիք ունի: Այդպիսի սարքերը վաճառվում են քարթրիջի նվազագույն պարունակությամբ, որը շատ արագ սպառվում է: Այդ դեպքում գնորդը երկու տարբերակ ունի. կա՛մ քարթրիջը լցնել նոր թանաքով, ինչը խորհուրդ չի տրվում, եթե թանաքի տեսակը չի համընկնում, կա՛մ նոր քարթրիջ գնել:

Սակայն ո՛չ այն խանութում, որտեղ գնել է այդ սարքը, ո՛չ էլ մայրաքաղաքի այլ խանութներում այդ տեսակի թանաք կամ քարթրիջ գոյություն չունի: Արդեն մեկ տարի է՝ գնորդը չի կարողանում գնել իրեն անհրաժեշտ ապրանքը: Հարց է առաջանում. ինչո՞ւ են վաճառականները գնում բազմաֆունկցիոնալ սարք, իսկ դրանց համար քարթրիջ գնել «մոռանում են»:

Նմանատիպ դեպքերն այնքան շատ են, որ անիմաստ է թվարկել: