Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով՝ նոյեմբերին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալները տարեկան հաշվարկով 4.2 տոկոսով աճել են, իսկ գյուղատնտեսական արտադրանքը 11.3-տոկոսանոց աճ է գրանցել: Ընդ որում, միջին աշխատավարձի աճը գնաճը գերազանցել է 2.6 տոկոսային կետով: Սակայն, ցավոք, դրանով լավ նորությունները վերջանում են:
Մանրածախ ապրանքաշրջանառության աճից դատելով՝ բնակչության կենսամակարդակն ընդհանուր առմամբ վատացել է: Հիշեցնենք, որ հունվար-հտոկտեմբեր ժամանակահատվածում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է ինչպես համադրմամբ, այնպես էլ ընթացիկ գներով: Դա հիմնականում պայմանավորված է արտաքին տրանսֆերտների կրճատմամբ: Եթե դատենք նոյեմբերի այսպես կոչված «առեւտրի շրջանառությունից» (14.2 տոկոսով անկում), մանրածախ ապրանքաշրջանառության խնդիրները բարդացել են:
Իսկ ինչպե՞ս են գործերը Հայաստանի՝ ԵՏՄ անդամ գործընկեր պետությունների տնտեսություններում: Դիտարկենք հունվարից նոյեմբերն ընկած ժամանակահատվածի տվյալները եւ համեմատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերից դրական աճ է եղել միայն գյուղատնտեսության մեջ, որի համախառն արդյունքի ծավալն աճել է 2.9 տոկոսով: Արդյունաբերության ոլորտում արտադրանքի ֆիզիկական ծավալը կրճատվել է 3.3 տոկոսով:
Ռուսաստանում գնաճը երկնիշ է դարձել՝ 15.8 տոկոս, ինչի հետեւանքով իրական աշխատավարձը կրճատվել է 9.2 տոկոսով: Դրա հետեւանքով մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալները 9.3 տոկոսով պակասել են: Հատկանշական է, որ Ռուսաստանում մեքենաների արտադրությունը այդ շրջանում տարեկան հաշվարկով կրճատվել է 23.6 տոկոսով: Դա վկայում է ռուս հասարակության մեջ իրական եկամուտների լուրջ նվազման մասին:
Ղազախստանի տնտեսության պատկերը որոշ նմանություններ ունի ռուսականի հետ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 1.5 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արդյունքը մեծացել է 3 տոկոսով: Բնակչության իրական եկամուտները պակասել են 5.8 տոկոսով: Չնայած այդ փաստին՝ Ղաախստանի պաշտոնական վիճակագրությունը գրանցել է մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալի աճ: Թեպետ այդ աճը շատ խորհրդանշական է՝ ընդամենը 0.3 տոկոս:
Բելառուսում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 1.7.1 տոկոսով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը՝ 3.9 տոկոսով: Բնակչության իրական եկամուտները պակասել են 3.2 տոկոսով: Սակայն, ինչպես Ղազախստանում, այնպես էլ այստեղ, մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը 0.5-տոկոսանոց խորհրդանշական աճ է գրանցել:




























