Երեւանի տնտեսագիտական համալսարանում  հնչած կրակոցների հետքերով  քննություն է ընթանում: Ներկա պահին տեղի ունեցածի կապակցությամբ բացատրություն են տալիս դեպքի հետ առնչություն ունեցած անձինք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, հավելելով, որ դեպքի  հետ կապված լրացուցիչ մանրամասներ ոստիկանությունը կհայտնի առաջիկայում: Նշենք նաեւ, որ միջադեպի հետ կապված՝ ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում:  

Հիշեցնենք, որ այսօր՝սեպտեմբերի 9-ի առավոտյան ժամը 9:30-10:00-ի սահմաններում, Երեւանի տնտեսագիտական համալսարանի շենքի ներսում կրակոցներ են հնչել: Դեպքից անմիջապես հետո համալսարան են ժամանել Երեւան քաղաքի եւ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները եւ մի քանի հոգու տարել Կենտրոնի ոստիկանության բաժին: Կրակոցները հնչել են համալսարանի առաջին հարկում գտնվող Ֆինանսական ֆակուլտետում, որտեղ, ի դեպ, գործում է համալսարանի ընդունող հանձնաժողովը: Ըստ ականատեսների՝ երիտասարդը, ով նշված բուհի ուսանող չէ, երկրորդ կուրսում սովորող իր ընկերուհու կամ ընկերոջ հարցով եկել է Տնտեսագիտական համալսարան եւ մի քանի երիտասարդների հետ ցանկացել է ինչ-որ հարցեր պարզաբանել, որի ժամանակ էլ իր մոտ եղած գազային ատրճանակից մեկ կրակոց է արձակել: Նրան նույն պահին ձերբակալել են համալսարանում իրենց ծառայությունն իրականացնող Կենտրոնի ոստիկանները եւ մի քանի երիտասարդների հետ տարել Կենտրոնի ոստիկանություն:

Պարզվել է, որ նա եղել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի ուսանող՝ 18-ամյա Կարո Ադյանը, ով 16-րդ թաղամասի 15 շենքի բնակիչ է:

Նախնական տեղեկություններով, զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ դեպքի հետ առնչություն ունեցածները գտնվում են Կենտրոնի ոստիկանության Մարաշի բաժանմունքում: