Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկական դիզայնի բաժնի, Դիզայնի եւ տեխնոլոգիայի Մոսկվայի պետական համալսարանի հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտ 25-ամյա Հայկ Անանյանը, որն ինքնատիպ կանացի կոշիկներ է մոդելավորում եւ պատրաստում, ամեն զույգի մեջ փիլիսոփայություն է դնում: Ասում է` կոշիկը հագուստի ամենաինտիմ պարագան է, եւ պետք է կատարյալ լինի:

Կանացի կոշիկների նկատմամբ կիրքը Հայկի մոտ դեռ մանկապարտեզից է ձեւավորվել: Փոքր տարիքում այնքան էլ չի հասկացել` բարձրակրունկ կոշիկների մեջ հատկապես ինչն է իրեն դուր գալիս, միայն զննել է բարձրակրունկներ կրող կանանց, «ուրիշ երեխաների մամաներին, քանի որ իր մաման երբեք բարձրակրունկ չէր հագնում»: Իսկ այժմ երիտասարդ մոդելավորողը վստահ է`բարձրակրունկ կոշիկները հանճարեղ մոտեցում է կնոջ մարմինը իդեալական ու կատարյալ դարձնելու համար:

Հայկը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանանց կոշիկներին, ասում է` բարձրակրունկներ էլ չլինեն, պետք է ինչ-որ մի բանով գրավեն: Եթե դուր եկած աղջիկը shoes-control-ը չի անցնում, հետը չի էլ ծանոթանում, իսկ եթե աղջկա կոշիկները դուր են գալիս, ծանոթությունը վերածվում է սերտ կապի, նույնիսկ` ծանոթությունը խորհրդանշող կոշիկի նոր մոդելի:

Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկական դիզայնի բաժնում սովորելու տարիներին Հայկը հասկանում է, որ պետք է զբաղվի կանացի կոշիկների մոդելավորմամբ, եւ մեկնում Բարսելոնա ուսանելու` միեւնույն ժամանակ ինքնակենսագրականն ուղարկելով Դիզայնի եւ տեխնոլոգիայի Մոսկվայի պետական համալսարան:

«Բարսելոնայում լողափին պառկած էի, Երեւանից պապան զանգեց, ասեց`ընդունվել եմ Մոսկվայի համալսարան: Նույնիսկ ձմեռային հագուստ չունեի, մի գիշերվա մեջ ամեն ինչ կազմակերպեցի ու թռա Մոսկվա: Բարսելոնայի գույներից հետո Մոսկվայում մոտս դեպրեսիա էր, երեք շաբաթով էի եկել, պետք է վերադառնայի Բարսելոնա, փաստաթղթերս դեռ պատրաստ չէին, օդանավակայանի ճանապարհին էի, զանգեցին, ասեցին` ռեկտորը կնիքը դրել է, չէի ուզում հետ գալ, ցուրտ-սառնամանիք էր, բայց որոշ ժամանակ անց վերադարձա, չէի կարող այդ հնարավորությունը բաց թողնել, Մոսկվայում ընդունվել էի իմ ուզած բաժինը»,-ասում է Հայկը:

Մոսկվայում ուսանելու տարիներին հայտարարված է եղել երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթ, որին Հայկի մասնակցությանը համալսարանի ղեկավարությունը թերահավատությամբ է վերաբերվել: Երկար պայքարելուց հետո Հայկը մրցույթին ներկայացնում է 4 զույգ կոշիկից բաղկացած հավաքածու եւ հաղթում, ապա մեկնում Իտալիա՝ վերապատրաստման: Այդպես, Հայկը սկսում է կոշիկի մոդելավորման իր կարիերան: Սկզբում միայն մոդելավորում է, սակայն շուտով սկսում է չվստահել ուրիշներին եւ հանձն է առնում նաեւ կոշիկներն իր ձեռքով պատրաստելու գործը: Ասում է` Մոսկվայից սկսել եմ, Մոսկվայում էլ շարունակում եմ:

Հայկը պատվերներ է ստանում հիմնականում արտերկրի մեծահարուստներից: Ամենաթանկ վաճառած կոշիկների զույգը արժեցել է 3300 ԱՄՆ դոլար, որը մի արաբ մեծահարուստ գնել է իր սիրուհու համար, իսկ ամենաէժան զույգը` 450 ԱՄՆ դոլար: Հայկն ասում է` գնային սահմանափակումներ չկան, իր նպատակը երբեք էլ գումար աշխատելը չի եղել. «Եթե գնային սահամանափակում կա, կա նաեւ ստեղծագործական սահմանափակում, իսկ իմ նպատակը ստեղծագործելն ու կոշիկներ ստեղծելու միջոցով ինքնաարտահայտվելն է»:

Հայկը նույն կրքով չի վերաբերվում, սակայն, տղամարդկանց կոշիկներին, երբեմն-երբեմն կարում է միայն իր եւ ընկերների համար, բայց ոչ կանացի կոշիկ ստեղծելու պես մեծ սիրով: Երիտասարդն իր արվեստը բիզնեսի վերածելու նպատակներ չունի, մտածում է ավելի մեծ արվեստանոց ստեղծելու մասին, որտեղ ամեն մեկն իր գործով կզբաղվի, իսկ ինքն ի վերջո իր գործով` մոդելավորմամբ:

Հ.Գ. Հայկի ստեղծած կոշիկների հավաքածուում ամենամեծ փիլիսոփայությունը կրող զույգն ինձ համար, թերեւս, հայոց այբուբենի փորագրությամբ բարձրակրունկն է: Ասում է` Մոսկվայում հանդիպել է մի հայուհու, որը չի կարողացել ընթերցել հայրենական արտադրության ծխախոտի տուփի վրայի հայատառ գրությունը, հայերեն չի իմացել: Հայկին այս փաստը սկզբում զարմացրել, ապա զայրացրել է, եւ պատրաստի էսքիզի վրա սկսել է փորագրել հայոց այբուբենը: Հայկի փիլիսոփայությունն է` մենք պետք է իմանանք` որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում: