Հայաստանյան ընտանիքներից միայն տասը տոկոսի եկամուտն է բարձր սպառողական զամբյուղից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ ընտանիքների եկամուտները 2015թ.-ի ընթացքում մնացել են նույնը:
«Հանրապետության բնակչության տասը տոկոսը շարունակում է մնալ ծայրահեղ աղքատ: Այս տարվա ընթացքում կրճատվել է փոքր բիզնեսի ծավալները: Ընտանիքների 30 տոկոսը վարկեր են վերցնում, նրանց 90 տոկոսը մի կերպ մարում է դրանք: Հայ ընտանիքների երեսուն տոկոսն ապրում է նպաստների շնորհիվ, իսկ ահա 80 տոկոսը կարծում է, որ իր վիճակը նախկինի համեմատ վատացել է«- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի դիտարկմամբ, նախկինում արտերկրից ֆինանսական աջակցություն ստանում էր ամեն երրորդ ընտանիքը, իսկ այժմ ամեն տասներորդը. «Ժողովուրդը հայտնվել է մի տեսակ փոսի մեջ։ Հայաստանյան ամեն չորրորդ ընտանիքի անդամն ապրում է ընտանքից դուրս՝ արտերկրում»:



























