Հայաստանի տնտեսության մեջ բրազիլական էական ներդրումներ չեն արվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Դիվանագետի խոսքերով, Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունները դեռեւս զարգացման մակարդակում են: «Ես հավատում եմ, որ մենք շատ բանի կարող ենք հասնել: Բրազիլիան ներդրումներ է արել շատ երկրներում, որոնք ներկա են Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները: Բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում բրազիլացի արտահանողների տեսանկյունից ներդրումների հնարավորությունների առումով մեծ առաջընթաց չկա», - նկատել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:
Այնուամենայնիվ, շարունակել է նա, 2015-ին առանձնահատուկ բան է պատահել. Բրազիլական ընկերություններից մեկը, որն ակտիվորեն աշխատում է լեռնահանքային արդյունաբերության մեջ, սկսեց աշխատել հայ ընկերությունների հետ: «Ընկերությունը կոչվում է «Magnesita»: Շատ կարեւոր է այն, ինչ նրանք անում են Հայաստանում: Նրանք աշխատում են ընկերությունների հետ, որոնք պողպատ, ցեմենտ են արտադրում, նրանց օգնում են բարելավել իրենց գործունեությունը: Փաստացիորեն` դա ոչ այնքան արտահանում է, որքան գործընկերություն բրազիլական եւ հայկական ընկերությունների միջեւ», - ընդգծել է Մոնտեյրոն: Գյուղատնտեսության ոլորտում, դեսպանի խոսքով, Հայաստանում երկու խոշոր ընկերություն է ներկայացված` «Sadia»-ն եւ «Perdigão»-ն, որոնք ներկայումս միավորվել են: «Նրանք աշխարհում խոշոր խաղացողներ են, իրենց արտադրանքն արտահանում են Միացյալ Նահանգներ, Մերձավոր Արեւելք եւ Ասիա», - հավելել է բրազիլացի դիվանագետը: Նրա համար ամենակարեւոր առաջընթացը կարող էր լինել կապերի ընդլայնումը:
«Ինչպե՞ս կապեր հաստատել: Դուք պիտի Բրազիլիա գաք: Մարդիկ ասում են. «Բրազիլիան շատ հեռու է»: Ուրեմն մի գնացեք Բրազիլիա, գնացեք ավելի կարեւոր առեւտրական կենտրոններ Եվրոպայում` Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ այնտեղ բրազիլական ընկերություններ փնտրեք: Շատ դեպքերում հնարավոր է նրանց այնտեղ գտնել: Բրազիլական շատ ընկերություններ աշխատում են նաեւ Դուբայում կամ Մոսկվայում: Այդ պատճառով կարծում եմ, որ կամքն է պակասում», - նկատել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ հարաբերությունները, հավելել է դեսպանը, դեռեւս այն մակարդակում չեն, որում կուզեինք տեսնել:



























