Արգենտինայում եւ Պարագվայում փոթորիկների ու հորդառատ անձրեւների պատճառով առնվազն 5 մարդ է մահացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Արգենտինայում աղետին զոհ է գնացել 13-ամյա դեռահաս. Տղան դիպել է կտրված էլեկտրահաղորդման գծին ու հոսանքահարվել: Երկրի Չակո, Էնտրե-Ռիոս, Կորիենտես, Ֆորմոսա եւ Սանտա Ֆե նահանգներում գետերը դուրս են եկել ափերից, որի հետեւանքով տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ:

Պարագվայում քամին տապալել է տասնյակ ծառեր, որի հետեւանքով 4 մարդ է մահացել: Ասունսյոնում ավելի քան 90 հազար մարդ ստիպված է եղել թողնել իր տունը, ավելի քան 125 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է շուրջ 130 հազար մարդ: