Բարաք Օբամայի` ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո երկրում 5 տոկոսով կրճատվել է քրիստոնյաների թիվը, գրում է Politico թերթը` վկայակոչելով Gallup-ի հարցումը:
Նշվում է, որ 2008-ին ամերիկացիների 80 տոկոսն իրեն քրիստոնյա էր համարում, մինչդեռ այժմ ԱՄՆ-ի բնակիչների 75 տոկոսն է քրիստոնեության հետեւորդ: Միաժամանակ աճում է այն մարդկանց թիվը, որոնք իրենց որեւէ կրոնի հետեւորդ չեն համարում: Եթե յոթ տարի առաջ երկրում կրոնական պատկանելիություն չունեցող ամերիկացիների թիվը մոտ 14,6 տոկոս էր, վերջին հետազոտության ընթացքում պարզվել է, որ այժմ նրանք 19,6 տոկոս են կազմում, գրում է Gazeta-ն:
Հարցումը ցույց է տալիս, որ երիտասարդ ամերիկացիներն ավելի հազվադեպ են իրենց կապում քրիստոնեության հետ, այդ պատճառով 18-ից 29 տարեկանների տարիքային խմբում քրիստոնյաներն ընդամենը 62 տոկոս են, մինչդեռ 50 տարեկանից մեծ մարդկանց 80 տոկոսը այդ կրոնի հետեւորդ է:
Պարբերականն ընդգծում է, որ այլ կրոնների ներկայացուցիչների թիվը 2008-ից ի վեր գործնականում չի փոխվել եւ ԱՄՆ-ի բնակչության ընդհանուր թվի մոտ 5 տոկոսն է կազմում:




























