Սանտա Կլաուսի եղջերուները հատել են Կանադայի օդային սահմանը. Լաբրադոր կղզու մոտ թռչող սահնակը դիմավորել են Կանադայի օդուժի 2 F-18 կործանիչներ, որոնք կապահովեն իրենց տարածքով Սանտա Կլաուսի թռիչքի անվտանգությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարությունը:
«Կանադական կործանիչները կարող են ուղեկցել Սանտա Կլաուսին, նրա եղջերուներին եւ նվերներով լի սահնակը Կանադայի օդային տարածքում՝ նրանց պաշտպանելով պոտենցիալ վտանգներից»,-ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միավորված հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Կուհարեքը հայտարարել է, որ կանադական եւ ամերիկյան օդային տարածքներ մտնելիս Սանտա Կլաուսը պետք է դանդաղեցնի իր ընթացքը, «որովհետեւ այն շարժվում է աստղերի լույսի արագությամբ»:




























