Մեքսիկայի Սյուդադ Օբրեգոն քաղաքում մահացել է Անդերս Մորենոն, որը համարվում էր աշխարհի ամենագեր մարդը: 38-ամյա տղամարդու մահվան պատճառը սրտի նոպան եւ պերիտոնիտի բարդացումն է եղել: Մորենոյի հարազատների խոսքով, նա մահացել է շտապօգնության մեքենայում:
Հոկտեմբերի վերջին մեքսիկացին, որի քաշը կազմում էր 440 կգ, համաձայնել է վիրահատվել, որը թույլ կտար նրանք մեկ տարվա ընթացքում կորցնել իր քաշի 90 տոկոսը: Վիրահատական միջամտությունը Գվադալահարայի հիվանդանոցում հաջող է անցել: Նրա առողջական վիճակը մտահոգության առիթ չի տվել, սակայն արդեն նոյեմբերի կեսերին Մորենոն շտապ վիրահատվել է Սյուդադ Օբրեգոն քաղաքի հիվանդանոցում, որից հետո տեղափոխվել է Գվադալահարայի հիվանդանոց: Դեկտեմբերին նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Ծնվելիս Մորենոյի քաշը եղել է 6 կգ, 10 տարեկանում՝ արդեն 120 կգ, իսկ 20-ում՝ 170 կգ: Դրանից հետո նա հետեւել է բազմաթիվ դիետաների, սակայն ապարդյուն:




























