Լոնդոնի կենտրոնում կհայտնվի Բելի հինավուրց տաճարի պատճենը, որը մասնակիորեն ոչնչացվել էր սիրիական Պալմիրա քաղաքում ԻՊ արմատական խմբավորման գրոհայինների կողմից, տեղեկացրել է բրիտանական Times ամսագիրը:
Օգոստոսի վերջին ԻՊ-ի գրոհայինները պայթյուն էին իրականացրել սիրիական Պալմիրա քաղաքի տարածքում, որի հետեւանքով մասնակիորեն ավերվել էր Բելի տաճարը, որը հինավուրց քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկն էր, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պայթյունից չավերված կամարի լայնածավալ պատճենը կստեղծվի 3D տպիչի օգնությամբ եւ կտեղավորվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում` Թրաֆալգարյան հրապարակում: 15 մետր բարձրությամբ կառույցը կդառնա Մերձավոր Արեւելքում պատմական նշանակություն ունեցող օբյեկտների ոչնչացման փորձերին դիմակայելու խորհրդանիշ:
Պարբերականը նշում է, որ կամարի մասերը կստեղծվեն Շանհայում, հետո վերամշակման կուղարկվեն Իտալիա: Հաղորդվում է նաեւ Նյու Յորքի Թայմս-սքվերում նման կամար տեղադրելու պլանների մասին:
Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն են, գրոհայինների վերահսկողության տակ էր անցել մայիսի կեսին: Քաղաքը լքելուց առաջ սիրիական բանակը տարհանել էր նրա բնակիչների մեծ մասին եւ Պալմիրայի թանգարանի առավել թանկ պատմական մասունքները: Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի ենթակա դարձան հնագույն ավերակները եւ տաճարները:




























