ՀՀ աշխատանքի  նախարարությունը 2016թ. առաջին անգամ անասնաբուծությամբ զբաղվողների աջակցության ծրագիր կիրականացնի։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը։

Ֆինանսական օգնություն կցուցաբերվի ցածր եկամուտ ունեցող սակավահող գյուղացիներին։

Քանի որ 2016թ. ծրագիրը փորձնական բնույթ կկրի, դրանում կներգրավվի 30 գյուղացի։

Գյուղացիների ընտրությունը համաձայնեցվելու է տեղական կառավարման մարմինների հետ։ «Ծրագրի արդյունքներով մենք կարող ենք դատել այն ընդլայնելու անհրաժեշտության մասին»,- ասել է փոխնախարարը։

Միջինում մեկ գյուղացու համար նախատեսվում է 360 հազար դրամ օգնություն անասուններ բուծելու համար։