«Հյուսիսային հոսք – 2» նախագիծը գիտակցաբար հաշվարկված է երկրներին լավերի ու վատերի բաժանելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին` անդրադառնալով եվրոպական երկրների տարբեր մոտեցումներին այն մասին, թե արդյոք նախագիծը ապագա ունի:  

Դեսպանի խոսքով, Լեհաստանը «Հյուսիսային հոսք – 1» եւ «Հյուսիսային հոսք – 2» նախագծերը քաղաքական է համարում: «Մենք «Գազպրոմի» հետ բազմիցս քննարկել ենք Ռուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի միջեւ այդ գազատար խողովակների ընդլայնումը:  Դա շատ պարզ հաշվարկ է. նախ ստորջրյա խողովակաշարի անցկացումն անհամեմատ ավելի թանկ կարժենա, քան գազատարի կառուցման առկա եղանակը: Բացի այդ, մենք բազմիցս  ուշադրություն ենք հրավիրել բնապահպանական խնդիրների վրա, որոնք կապված են   «Հյուսիսային հոսք –2» գազատարի կառուցման հետ, - նշել է Նովակովսկին: Դիվանագետը հիշեցրել է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդգծել է. գազատարի կառուցման ենթակառուցվածքների ստեղծումը պիտի կապող մի բան լիներ, ոչ թե բաժանող:  «Մենք բաց ենք ռուսաստանյան գործընկերների հետ էներգետիկ պլանում համագործակցության համար, բայց չենք ուզում պետություններին բաժանել լավերի եւ վատերի:  Եվրամիության հետ համագործակցությունը պիտի իրականացվի բոլոր պետությունների ներգրավմամբ, հետեւաբար խոսքը քաղաքական ծրագրի մասին է, ոչ թե նեղ տնտեսական», - եզրափակել է Եժի Նովակովսկին: 

«Հյուսիսային հոսք – 2»-ը Ռուսաստանից Գերմանիա գազատարի ստեղծման նախագիծ  է: Իր թողունակությամբ եւ երկարությամբ համապատասխանում է գործող գազատարին: Այն տարբերվում է ստորջրյա մասի բաժնետերերով:  «Հյուսիսային հոսք  – 2» նախագծի մասնակիցներն են սեփականատեր եւ բաժնետեր շվեյցարական «Nord Stream AG»-ն  եւ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, նիդերլանդա-բրիտանական «Shell»-ը,  նիդերլանդական «Gasunie» ընկերությունը, գերմանական E.ON էներգետիկ ընկերությունը, ավստրիական «OMV»-ն: