Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եկավ իշխանության, ձգտում էր թուլացնել Թուրքիայի կապերն արեւմտյան ավանդական դաշնակիցների հետ, բայց նման քաղաքականությունն «աղետալի անհաջող» ստացվեց, քանի որ ներկայումս հենց ԱՄՆ-ն ու Եվրոպան են պատրաստ աջակցել Անկարային, գրում է Wall Street Journal-ը։

Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես համարում էր, թե Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցումը եւ Ռուսաստանի ու Իրանի պես երկրների հետ մերձեցումը կօգնի Թուրքիային ազդեցություն եւ հարգանք նվաճել Մերձավոր Արեւելքում։ Դրա փոխարեն Թուրքիայի առանցքային հարեւաններ Իրանը, Իրաքը, Սիրիան եւ Ռուսաստանը համախմբվեցին Անկարայի դեմ, իսկ գլխավոր դաշնակից մնաց Վաշինգթոնը։

Նշվում է, որ «Արաբական գարունը» Թուրքիայի տարածաշրջանային իշխանության համար իսկական ստուգում դարձավ, եւ երբ 2013թ. պետությունն աջակցեց «Մահմեդական եղբայր» կազմակերպությանը, մեկուսացվեց արաբական երկրներից։ Ռուսաստանի հետ համագործակցությունը եւս անհնար դարձավ, քանի որ երկրները «ծածուկ պատերազմ» են մղում Սիրիայում, Թուրքիան ընդդիմության, իսկ Ռուսաստանի՝ Ասադի կողմից են։

Հոդվածի հեղինակի կարծիքով, Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը ճաքեր է տալիս, ուստի երկիրը ստիպված է վերադառնալ հին դաշնակիցներին եւ անցնել Վաշինգթոնի հետ համագործակցության, հաղորդում է Gazeta-ն։