Սինգապուրում անցկացված սոցիոլոգիական հարցումը պարզել է, որ մարդիկ չեն ձգտում երկար ապրել եւ պատրաստ են իրենց կյանքից մի քանի տարի տալ հարազատներով շրջապատված մահանալու համար: Հարցումն անց է կացվել քաղցկեղով հիվանդ մարդկանց եւ երկրի տարեց բնակչության շրջանում:

Կենաց եւ մահու պայքար մղող մարդկանց բուժման համար Սինգապուրի իշխանություններն ամեն տարի որոշակի գումար են հատկացնում: Սակայն այդ օգնությունը բժիշկներին բարդ երկընտրանքի առջեւ է կանգնեցնում. որքանով է արդարացված մահացող հիվանդների համար թանկարժեք դեղեր եւ գումար վատնելը, եթե մարդու կյանքը հնարավոր է երկարաձգել միայն մի քանի ամսով կամ տարով:

Հարցված մարդիկ պատրաստակամություն են հայտնել 7.5 հազար դոլար վճարել իրենց բուժման համար, եթե դա կօգնի երկարացնել կյանքը: Սակայն ընտանիքի անդաներով շրջապատված, հանգիստ վայրում մահանալու համար նրանք պատրաստ են դրանից երկու անգամ շատ վճարել, փոխանցում է Informing-ը:

Հարցման արդյունքները ստիպել են բժիշկներին հարցին այլ տեսակետից մոտենալ: Մեծացել է բժիշկների թիվը, որոնք կարծում են, որ գումարն առաջին հերթին պետք է ուղղել հիվանդի կյանքի որակը բարելավելու համար: