Ֆլորիդա նահանգի եկեղեցիներից մեկի հոգեւոր հովիվ Թերրի Ջոնսը, ով նախապես խոստացել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի առթիվ հրապարակավ այրել  Ղուրանը, հրաժարվել է իր մտադրությունից: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իր նոր հայտարարութան մեջ հոգեւորականը նշել է, որ չի պատրաստվում այրել մահմեդականների սուրբ գիրքը: Նա այդ որոշումից հետ կանգնելու դիմաց պահանջում է, որ Ամերիկայի մահմեդական առաջնորդները հրաժարվեն Նյու-Յորքի փլուզված բիզնես-համալիրի տեղում մզկիթ կառուցելու մտքից: Հայտարարությունը ներկայացվել է վերջնագրի տեսքով: Թերրի Ջոնսը լրատվամիջոցներին է փոխանցել իր հեռախոսահամարը, նշելով, որ Նյու-Յորքի  իմամն ընդամենը երկու ժամ ունի իր համաձայնությունը տալու համար: Իր հերթին Նյու-Յորքի իմամ Փեյսալ Աբդուլ Ռաուֆը հայտնել է, որ ամերիկացի հոգեւորականի հետ ոչ մի պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող: Դրանից հետո Ջոնսը հրաժարվել է իր պլաններից:

Բացի այդ, Աֆղանստանում մի քանի հազար մարդ է հավաքվել ՆԱՏՕ-ի բազաների շուրջ՝ բողոքելով  Թերրի Ջոնսի՝ Ղուրանն այրելու մտադրության դեմ: Տեղի են ունեցել անկարգություններ, բողոքավորներն ընդհարվել են անվտանգության աշխատակիցների հետ: Sky News-ի հաղորդմամբ՝ 1-3 ցուցարար գնդակահարվել է, 11 մարդ ստացել  են մարմնական վնասվածքներ: Աֆղանացիները, ըստ ամենայնի, անտեղյակ են եղել այն մասին, որ  Ֆլորիդայի հոգեւոր հովիվը հետ է կանգել իր որոշումից: