Կին զինծառայողն առաջին անգամ բարձր պաշտոն է զբաղեցրել Վեսթ-Փոինթի ամերիկյան ակադեմիայում: Բրիգադային գեներալ Դիանա Հոլլանդը հունվարի  5-ին երդում է տվել որպես կադետների համանատար (commandant of cadets):

Դիանա Հոլլանդը Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների վետերան է: Իր ներածական խոսքում նա ընձեռված հնարավորության համար շնորհակալություն է հայտնել հրամանատարությանը, հայտնում է  Lenta-ն` վկայակոչելով  բրիտանական   Daily Mail-ին:

Բրիգադային գեներալը սպայական կոչում է գնդապետի եւ գեներալ-մայորի արանքում:   Կադետների հրամանատարը զուգահեռաբար ղեկավարում է ակադեմիայում մարտավարության ամբիոնը եւ պատասխանատու է կուրսանտների կարգուկանոնի եւ ռազմական պատրաստության համար: 

Վեսթ-Փոինթի ակադեմիան ԱՄՆ-ի հնագույն ռազմական հաստատություն է եւ  հինգ ռազմական ակադեմիաներից ամենահամբավավորը: Հիմնադրվել է  1802-ին, կանայք այստեղ սովորելու իրավունք են ստացել միայն   1976-ին: