Հնդկաստանի խոշորագույն նահանգներից մեկի իշխանությունները վարչական միջոցառումներ են նախապատրաստում շաքարի արտահանման համար: Մախարաշտրա նահանգի շաքարի գործարաններին (որտեղ գտնվում է երկրի տնտեսական կենտրոն Բոմբեյը) կարգադրել են ավելացնել արտահանումը, հակառակ դեպքում պետությունը նրանցից ապրանքը պետական գներով կվերցնի սոցիալական ծրագրերի համար, հայտնում է Times of India–ն:

Առայժմ գործարանները չեն ուզում շաքարը արտասահմանում վաճառել, քանի որ Հնդկաստանում շահավետ գին է ձեւավորվել: Բայց Կառավարությունն էլ շարունակում է պնդել իր պահանջը:

Նկատենք, որ շաքարավազի համար 29 ռուպի գինը՝ դրամի վերածելու դեպքում կիլոգրամի համար 200-210 դրամ է ստացվում (Հայաստանում շաքարի մեծածախ գինը 350 դրամ է):

Ինչպես հայտնել է նահանգի վարչապետ Դեւենդրա Ֆադանվիսը, Կառավարությունը նաեւ կստուգի՝ NCDEX ազգային բորսայում ընկերությունների խաբեությունների մասին ենթադրությունները:

Նշենք, Հնդկաստանի կառավարությունը գործարաններին փոքր սուբսիդիաներ է տրամադրում շաքարեղեգ գնելու համար, բայց միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն շաքարի արտահանման ու էթանոլի արտադրության քվոտաները:

USDA-ի գնահատականով, 2015-16 թթ. սեզոնին շաքարի համաշխարհային արտադրությունը կնվազի 3 մլն. տոննայով՝ հասնելով 172 մլն-ի: Իսկ ահա սպառումը կաճի մինչեւ 173 մլն. ( այդ թվում ներմուծումը մինչեւ ռեկորդային 52 մլն): Շաքարի սիրահարներին կօգնեն նախանցած տարվա պաշարները, որոնք սեզոնի արդյունքներով պետք է 40 մլն տոննա լինեն: Այսպիսով, հնդկական շաքարի նոր չափաբաժինները կարող են մի քիչ իջեցնել դրա համաշխարհային գները, որոնք այս պահին աճում են: 2015 թ. հոկտեմբերի սկզբին ICE միջմայրցամաքային բորսայում շաքարի գները տոննայի համար 380-390 դոլար էին, իսկ հիմա արդեն գրեթե 430 դոլարի են հասել: