Առաջին առեւտրական շաբաթվա ընթացքում մոլորակի  400 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ  194 մլրդ դոլար էին կորցրել չինական տնտեսության կրճատման, ինչպես նաեւ նավթի գնի նվազման հետեւանքով, վկայում են  «Bloomberg Billionaires Index»-ի տվյալները:

Այս շաբաթը 2011-ից ի վեր ամենավատն էր ամերիկյան ֆոնդային շուկայում: Համեմատության համար` 2015-ի առաջին հինգ առեւտրական օրերի ընթացքում միլիարդատերերի ցուցակի անդամների կարողությունը նվազել է  29 մլրդ դոլարով: Ամենախոշոր կորուստը` 5,9 մլրդ դոլար կրել է   Amazon.com-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում:   Վարկանիշի առաջատար Բիլլ Գեյթսը  4,5 մլրդ դոլար է կորցրել, ցուցակում նրան հետեւող Ամանսիո Օրտեգան զրկվել է  3,4 մլրդ դոլարից: Ընդհանուր առմամբ  այս շաբաթվա ընթացքում 1 մլրդ դոլար եւ ավելի կորուստ է ունեցել  47 միլիարդատեր:   «Bloomberg»-ի միլիարդատերերի ցուցակի ընդհանուր կարողությունը գնահատվել է   3,7 տրիլիոն դոլար (մոտավորապես հավասար է Գերմանիայի ՀՆԱ-ին) մեկ տարի առաջվա 4 տրիլիոն դոլարի դիմաց, նշում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ: