Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 12-ի դրությամբ սուր շնչառական վարակով մեկ հիվանդ միացված է արհեստական շնչառական ապարատին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը:

Սիսիանցի 2 տարեկան 9 ամսական երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հունվարի 11-ից:

«Հունվարի 9-ին բերել են երեխային, հարված էր ստացել գլխին: Նրա մոտ հայտաբերվել է սուր շնչառական վարակ ու գանգուղեղի ցնցում: Հայրը հրաժարվել է, որ երեխան հոսպիտալացվի,  գրություն է թողել, տարել տուն, ինչից երկու օր հետո երեխան վատացել է, ցնցումներ է ունեցել, գիտակցության կորստով բերել են մեզ մոտ»,- ասաց Լեւոն Գրիգորյանը` նշելով, որ թեւ դեռ ախտորոշում չկա, սակայն չի բացառվում, որ երեխայի մոտ H1N1 տեսակի վիրուս է, ինչը ուղեկցվել է երեխայի գլխուղեղի ցնցումով, այդ պատճառով նրա վիճակը բարդացել է:

Նշենք, որ պաշտոնական տվյալով` հանրապետությունում H1N1 տեսակի վիրուսից (խոզի գրիպ) մահացության 8 դեպք է գրանցվել: