Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հիպոթետիկ ռազմական հակամարտությունը կարող է նավթի գինը բարձրացնել մինչեւ մեկ բարելի դիմաց   250 դոլար, կարծում է Oilprice ինտերնետ-պարբերականի վերլուծաբան Ջեյմս Սթեֆորդը: 

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Էր-Ռիյադի եւ Թեհրանի միջեւ, Սթեֆորդն անվանում է   «տասնամյակների ընթացքում երկու երկրի միջեւ վատագույն հակամարտություն»:

Նրանց հարաբերությունները սրվել են հունվարի սկզբին` այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտնեց  47 մարդու, այդ թվում ` շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի մասին:  Դա Իրանում անկարգությունների  եւ նրա մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման պատճառ դարձավ: Դրանից հետո Էր-Ռիյադը խզեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Թեհրանը, իր հերթին, արգելեց Իրանի տարածք սաուդյան ապրանքների ներմուծումը: 

Սթեֆորդն այս հակամարտության լրջագույն պահ է համարում Թեհրանի կողմից Էր-Ռիյադին ներկայացված մեղադրանքը Եմենում իրանական դեսպանատանը կից տարածքին ավիահարված հասցնելու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Պարսից ծոցի երկրներից շատերը շահագրգռված են սաուդյանների եւ իրանցիների միջեւ լարվածության թուլացմամբ: Այնպիսի երկրներ, ինչպիսին Քուվեյթը եւ Կատարն են, առեւտրական հարաբերություններ են հաստատել Իրանի հետ, հետո էլ եւ այստեղ, եւ այնտեղ շիա բնակչության զգալի քանակություն է ապրում: 

«Սաուդյանները զանգում են տարածաշրջանի երկրներ եւ փորձում են նրանց ակտիվորեն համոզել խզել հարաբերությունները Իրանի հետ, սակայն Պարսից ծոցի  երկրների մեծամասնությունը փորձում է փոխըմբռնում գտնել, Reuters գործակալության հետ զրուցած դիվանագետի խոսքերն է մեջբերում Սթեֆորդը: Վատն այն է, որ այս տարածաշրջանում երկրների միջեւ փոխըմբռնումը գնալով նվազում է»:

Սթեֆորդի խոսքով, անցյալում Մերձավոր Արեւելքում երկրաքաղաքական հակամարտությունները, հատկապես նավթ արտադրող երկրների մասնակցությամբ, նպաստել են սեւ ոսկու գնի բարձրացմանը: Սակայն ներկայիս հակամարտության ֆոնին գները շարունակում են ընկնել, որովհետեւ նավթի շուկայի գերհագեցածությունը, պարզվում է, ավելի լուրջ գործոն է, քան դրա մատակարարումների հնարավոր ընդհատումները: 

Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ  «սառը պատերազմը թեժանա» — հարց է տալիս վերլուծաբանը: 

Սաուդյան Արաբիան չնահանջելու բազմաթիվ պատճառներ ունի` առնվազն  նրա համար, որ թագավորությունն իրեն «բոլոր կողմերից պաշարված է զգում»: Խոսքը մի շարք խնդիրների մասին է. երկրի ներսում ծայրահեղականների գործունեության, Իրանի աճող ազդեցության, ԱՄՆ-ի հետ ճաք տված հարաբերությունների:  «Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միջուկային գործարքը Էր-Ռիյադի համար հաստատումն էր այն բանի, որ թագավորության համար սպառնալիքն ավելանում է», — պարզաբանում է Սթեֆորդը:

Եթե Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ դիմակայությունը վերաճի ռազմական ուղղակի հակամարտության, դա աղետալի հետեւանքներ կունենա նավթային շուկաների համար: Այդ դեպքում մատակարարման ընդհատումներն անմիջականորեն կազդեն նավթի գների վրա, գրում է վերլուծաբանը: 

Նա վկայակոչում է ամերիկացի փորձագետի` Վաշինգթոնի համալսարանի պրոֆեսոր Հոսեյն Ասքարիի կարծիքը:  «Եթե Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ռազմական  ընդհարում սկսվի, նավթի գները կարող են մի ժամում  թռնել մինչեւ   250 դոլար, հետո նվազել մինչեւ 100», — հայտնել է նա: Իսկ եթե Էր-Ռիյադն ու Թեհրանը հարձակվեն իրար նավթալցման կայանների վրա, գինն ավելի կբարձրանա, հավելել է նա: 

Սթեֆորդն ընդգծում է, որ իրադարձությունների նման զարգացում հնարավոր է միայն  «հեռավոր հեռանկարում»: Սակայն նավթի ավելցուկի եւ պակասի միջեւ սահմանն անհամեմատ ավեի նուրբ է, քան շատերը կարծում են, ընդգծում է նա: