Pew Research Center-ի կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ իսլամադավան քաղաքացիների թիվը 2050թ. 3.3 միլիոնից կհասնի 8.1 միլիոնի՝ կազմելով երկրի բնակչության մոտ 2.1 տոկոսը։
«ԱՄՆ-ում մուսուլմանների ներգաղթի մասին վերջին քաղաքական քննարկումները շատերին ստիպել են հետաքրքրվել, թե որքան է ԱՄՆ ընդհանուր բնակչության մեջ նրանց թիվը։ Այս կապակցությամբ պաշտոնական թվեր գոյություն չունեն, քանի որ մարդահամարը չի իրականացվում կրոնական պատկանելության հիման վրա»,- ասված է հետազոտության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեծահասակների եւ երեխաների տվյալների հիման վրա գիտնականների կազմած ժողովրդագրական մոդելը թույլ է տվել ենթադրել, որ ԱՄՆ մուսուլման բնակչության թիվը 35 տարում 1 տոկոսից դառնալու է 2.1 տոկոս։
«Մենք ենթադրում ենք, որ մուսուլման բնակչությունն ավելի արագ է աճելու, քան հրեաները (5.7 մլն) եւ հնդուիստները (2.1 մլն)։ 2050թ. մուսուլմանների թիվը մեր կանխատեսումներով կհասնի 8.1 մլն-ի»,- հայտնել են PRC-ից։
Մասնագետների կարծիքով այդ աճի պատճառը մուսուլման միգրանտներ հոսքի մեծացումն է եւ այն, որ մուսուլման միգրանտների ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան մյուս կրոններին հետեւողների ընտանիքներում։



























