Միացյալ թագավորության ամենածեր բնակիչը՝ Գլեդիս Հուփերը դարձել է 113 տարեկան, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն: Ինչպես հայտնել է բրիտանուհին, նա երջանիկ կլիներ իր ծննդյան օրը նշել ընտանիքի ու ընկերների հետ, մի բաժակ թեյով ու մի կտոր տորթով: Երկարակյաց կնոջ 85-ամյա որդու՝ Դերեք Հերմիսթոնի խոսքով, իր մայրը չէր առարկի, եթե նրան նոր արհեստական ծնոտ նվիրեին:
Հուփերն ապրում է Ուայթ կղզու ծերանոցում: Բրիտանուհին համարվում է երկրի ամենատարեց բնակիչը: Բացի դրանից 2015 թ. նա դարձել է նաեւ աշխարհի ամենատարեց մարդը, ում վիրահատել են կոնքազդրային հոդի փոխարինման նպատակով:
Հուփերը ծնվել է 1903 թ. հունվարի 18-ին: Նա եղել է դաշնակահարուհի, ավտոմեքենաների վարձույթի բիզնես է ունեցել, աշխատել քոլեջում: Ինչպես պատմում է նրա որդին, երիտասարդ տարիներին մայրը հավաքույթներում միշտ ուշադրության կենտրոնում է եղել: «Հիմա մենք տեսնոմ ենք, թե ինչպես են նրա ձեռքերը վերեւ ու ներքեւ շարժվում, ու ես կարծում եմ, որ նա երանությամբ ու կարոտով է հիշում այն օրերը, երբ դաշնակահարուհի էր»,- պատմել է Հերմիսթոնը:



























