Նորվեգիայի հյուսիսում` Ռուսաստանի հետ սահմանի մոտ տեղակայված ճամբարում փախստականները,  կանայք եւ երեխաները ներառյալ,  հացադուլ են սկսել` բողոքելով թագավորությունից արտաքսման դեմ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով   NRK հեռուստաընկերությանը:

Անցած հանգստյան օրերին ամբողջ երկրում տեղակայված տարբեր ճամբարներից մոտ 70 փախստական է բերվել Ռուսաստանին սահմանակից Ֆիննմարկ նահանգ՝ երկրից հետագա արտաքսման համար: Նորվեգիայի իշխանությունները մերժել են թագավորությունում նրանց ապրելու իրավունքը, բայց փախստականները հայտարարում են, որ չեն հասկանում մերժման պատճառները, վրդովված են իրենց հանդեպ իշխանությունների վերաբերմունքից եւ ի նշան բողոքի, հացադուլ են հայտարարել: 

Հեռուստաընկերությունը խոսել է փախստականներից մեկի` Ռամի Հադդադի հետ: Նա պատմել է, որ երբ ներգաղթյալներին հավաքում էին ճամբարներից, նրանց խոստացել են, որ ներգաղթյալների հարցերով վարչության ներկայացուցիչների հետ զրույց տեղի կունենա, բայց այդպես էլ ոչ մեկը չի հանդիպել փախստականներին:  «Մենք ոչ մի տեղեկություն չենք ստացել», — ասել է Հադդադը:

Ի նշան բողոքի, նա այլ փախստականների հետ միասին, որոնց թիվը չի ճշտվում, հացադուլ է սկսել: «Քաղցում են եւ մեծերը, եւ երեխաները», — ասել է փախստականը: Հեռուստաընկերությանը չի հաջողվել ոստիկանության ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալ մարդկանց հնարավոր արտաքսման մասին: