Շներն ու նրանց «ճկուն» տերերը Հոնկոնգում նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ին: «Դոգա» ակցիային (անգլիական dog եւ yoga բառերից) 270 մարդ է մասնակցել իր կենդանու հետ: Պարապմունքը մեկ ժամ է տեւել:
«Դոգայի» ուսուցիչ Սյուզետ Աքերմանը հայտնել է, որ նման պարապմունքները սեփական շան հետ կապ հաստատելու հրաշալի միջոց են: «Ես կարծում եմ, որ դա կարեւոր է: Մտածում եմ, որ այսօր նրանք զվարճացան: Հոնկոնգում մարդիկ շատ զբաղված են: Նրանք աշխատում են օրական 24 ժամ եւ շաբաթը յոթ օր: Նրանցից շատերը կենդանիներ ունեն, բայց սովորաբար շներին օգնականներն են տանում զբոսնելու», – հաղորդել է Աքերմանը, որին մեկնաբանում է The Mirror-ը:
Ինչպես խոստովանել են ակցիայի որոշ մասնակիցներ, նրանք մտադիր են շարունակել «դոգայի» պարապմունքները:
Այժմ նվաճումը պիտի հաստատեն Գինեսի Ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Կազմակերպիչները վստահ են, որ համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Նախորդ նվաճումը գրանցվել էր 2015-ին ամերիկյան Սան Դիեգո քաղաքում: Այն ժամանակ մասնակիցների թիվը 265 էր:



























