2015 թվականին միջազգային զբոսաշրջային ուղեւորությունների թիվը հասել է 1.18 մլրդ միավորի, ինչը 50 մլն-ով կամ 4.4%-ով ավելի է 2014 թվականի համեմատ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) պաշտոնական կայքը:

Ըստ փորձագետների, միջազգային ուղեւորությունների պահանջարկը կայուն է եղել նույնիսկ արժույթների փոխարժեքների ուժեղ տատանումների, նավթի գների անկման, ինչպես նաեւ անվտանգության ուժեղացված միջոցառումների ներդրման անհրաժեշտության ֆոնին:

Եվրոպայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրներում միջազգային տուրիզմի աճը միջինը կազմել է 5%: Մերձավոր Արեւելքի պետությունների պարագայում 3%-ով աճ է արձանագրվել, աֆրիկյան երկրների դեպքում՝ 3%-ով նվազել է:

UNWTO-ի մասնագետները վստահ են, որ 2016 թվականին միջազգային տուրիզմի դինամիկան դրական կմնա եւ միջինն առնվազն 4% կկազմի: Սպասվում է, որ աճն ավելի շատ կզգացվի Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանոմ եւ Ամերիկյան մայրցամաքներում՝ կազմելով 4-5%: