ԱՄՆ 4 քաղաքացի՝ 3 մուսուլման եւ մեկ սինգհ, American Airlines ավիաընկերությունից 6 մլն դոլար փոխհատուցում են պահանջում ռասայական խտրականության համար։ Համապատասխան հայցը ներկայացվել է Նյու Յորք քաղաքի դատարան։ Հայցվորները ավիաընկերությանը մեղադրում են այն բանի համար, որ վերջինիս աշխատակիցները անցյալ տարվա դեկտեմբերին անհիմն կերպով եւ առանց բացատրությունների չվերթից հանել են իրենց ու իջեցրել Տորոնտոյից Նյու Յորք մեկնող օդանավից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայցվորներից մեկի խոսքով՝ American Airlines-ի ներկայացուցիչը միջադեպի կապակցությամբ բացատրություններ է տվել միայն այն բանից հետո, երբ օդանավը մեկնել էր Նյու Յորք՝ իրենց 4-ին թողնելով տերմինալում։ «Մեր ներկայությունը օդանավում անձնակազմի անդամներին տհաճություն էր պատճառում, հատկապես հրամանատարին։ Նրանք հրաժարվել էին սպասարկել չվերթը, մինչեւ անցանկալի անձինք չհեռանան»,- ասել է Նյու Յորքի 23-ամյա բնակիչը, որը տուժածներից մեկն է։
American Airlines-ից նշել են, որ ուղեւորների մորուքն եւ մուգ մաշկը միջադեպի հետ կապ չունեն։ Ավիաընկերությունը հրաժարվել է մեկնաբանել հայցը՝ նշելով, որ կարձագանքեն միայն գործին ծանոթանալուց հետո։



























