Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը մարդկությանը նախազգուշացրել է անխուսափելի տեխնոլոգիական աղետի մասին, որը տեղի կունենա առաջիկա 1000 տարում։  Այս մասին հայտնում է BBC News-ը։

Ֆիզիկոսն առանձնացրել է մարդկությանը սպառնացող հիմնական 3 վտանգները՝ միջուկային պատերազմ, գլոբալ տաքացում եւ գենետիկ ինժեներիայի վիրուսներ։ Ֆիզիկոսի կարծիքով մոտ ժամանակներս դրանք չեն սպառնում մարդկությանը, սակայն ժամանակի ընթացքում ինչ-որ բան կարող է «այնպես չլինել»։

«Երկիր մոլորակի վրա աղետի հնարավորությունն այս տարի շատ քիչ է, սակայն ժամանակի հետ այդ վտանգը մեծանում է, այնպես որ կասկած չկա, որ դա տեղի կունենա առաջիկա հազար կամ 10 հազար տարում»,- ասել է ֆիզիկոսը, փոխանցում է Lenta-ն։

Հոքինգը մարդկության փրկությունը տեսնում է Երկիր մոլորակից մարդկանց այլ մոլորակ տեղափոխելու մեջ։ «Մենք տիեզերքում ինքնիշխան գաղութներ չենք նվաճելու առաջիկա առնվազն 100 տարում։ Այնպես որ մենք պետք է շատ զգույշ լինենք»,- ասել է գիտնականը։