Թուրքիայի իշխանությունները պետք է Հրանտ Դինքի գործով արագ եւ թափանցիկ դատավարություն ապահովեն՝ բացահայտելու սպանության իրական պատվիրատուներին: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ասված է ԵԱՀԿ տարածած հայտարարությունում:

«Ես լիահույս եմ, որ դատական գործընթացում վերջին զարգացումները կօգնեն հայտնաբերել ու պատասխանատվության կանչել սպանության իրական պատվիրատուներին»,- ասել է Դունյա Միյատովիչը՝ հիշեցնելով, որ 2015-ի դեկտեմբերի Ստամբուլի գլխավոր դատախազությունը որոշումը, որով այդ գործով գլխավոր դատախազ Գյոքալփ Քյոքչուն միջնորդել է հետաքննության մեջ ներգրավվել 25 պաշտոնատար անձանց, որոնց մասնագիտական անփութության հետեւանքով տեղի է ունեցել սպանությունը:   

«Ես վստահ եմ, որ դատավարությունն ի վերջո արդարության կհանգեցնի կբերի Դինքի ընտանիքի, ընկերների եւ գործընկերների համար: Սպանության իրական պատվիրատուներին բացահայտելը ցույց կտա ամբողջ հանրությանը մամուլի եւ արտահայտման ազատության կարեւորությունը եւ լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ պայքարելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Միյատովիչը:

Նշենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության առջեւ։

Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվել է անչափահասների գործերով դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման։

Երկար դատական գործընթացներից ու բողոքներից հետո Դինքի սպանության գործով նոր հետաքննություն է սկսվել պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։