Քալիֆորնիայի լողափներից մեկի մաքրման ծառայության աշխատակիցը ցնցված էր, երբ մի հազվագյուտ, շատ թունավոր օձ հայտնաբերեց Սան Դիեգոյի ծովափին: Ափ հանված աղբի հետ նա գտել էր մի սատկած թունավոր օձ, որն անհայտ պատճառներով հայտնվել էր ծովում, իսկ հետո ջրի ալիքի հետ միասին ափ շպրտվել:

Նմանատիպ օձեր, որպես կանոն, հանդիպում են Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների արեւադարձային շրջաններում, այդ թվում Կենտրոնական Ամերիկայի արեւմտյան ափին, Հավայան կղզիներում ու Ճապոնիայում: Կենդանին տարբերվում է իր որովայնի վառ գույնով, որով նա մյուս կենդանիներին նախազգուշացնում է իր թունավոր լինելու մասին: Հայտնի է, որ իր կյանքին սպառնացող վտանգի դեպքում օձը կծում է զոհին ու թույն «ներարկում» նրան, բայց դրա խայթոցից մահացու դեպքեր առայժմ չեն գրանցվել, հայտնում է Vchaspik-ը:

Լոս Անջելեսի բնական պատմության թանգարանի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ հայտնաբերված օձը առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ այն համեմատաբար փոքր է ու շատ վախկոտ: Հիմնականում նրա զոհն են դառնում փոքրիկ ծովային ձկները: Այդուհանդերձ, փորձագետները խորհուրդ են տալիս այդ սողուններից հեռու մնալ:

Չնայած փորձագետները զարմացած են այդ գյուտով, բայց կատարվածի պատճառները պարզ են՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասի տաք ջրերը կարող էին ափ դուրս բերել արեւադարձային բազմաթիվ հետաքրքիր կենդանիների: