SplashData ընկերությունը կազմել է հերթական՝ անցյալ տարվա ամենատարածված 25 գաղտնաբառերի ցանկը: Ընկերությունը տեղեկությունը ստանում է աղբյուրներից, որոնք համացանցի ամենատարբեր հարթակներում այլոց գաղտնաբառերն են «ձեռք բերում»:
2015 թվականին SplashData-ը 2 մլն տարբեր գաղտնաբառեր է վերլուծել՝ դրանք համեմատելով 2014 թվականի արդյունքների հետ:
Առաջին եւ երկրորդ հորիզոնականերում, ինչպես եւ անցյալ տարի, «123456» եւ password գաղտնաբառերն են: Երրորդ տեղում հայտնվել է «12345678» գաղտնաբառը՝ փոխարինելով ավելի պարզ՝ «12345» տարբերակին: Հայտնի qwerty-ն նույնպես մեկ հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով չորրորդ տեղում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Gizmodo-ն:
Ինչ վերաբերում է «իմաստալից» գաղտնաբառերին, ապա սպորտաձեւերի անվանումները, օրինակ՝ football-ը եւ baseball-ը, շարունակում են նույնքան տարածված մնալ: «Նորույթների» թվում են solo եւ starwars գաղտնաբառերը, որոնք «Աստղային պատերազմների» արդյունք են: Դրանք զբաղեցրել են 23-րդ եւ 25-րդ հորիզոնականները:



























