Հոան Կիեմ (Հանոյ, Վիետնամ) լճում ապրող հազվագյուտ տեսակի աշխարհի ամենածեր կրիային երեքշաբթի` հունվարի 19-ին մեռած են գտել: Այդ մասին տեղեկացնում է Vietnam Breaking News-ը:
Տեղի բնակիչների կարծիքով, կրիան մի քանի հարյուր տարեկան էր: Կենդանին հայտնի էր լճի հետ կապված առասպելով: Վերջին անգամ նրան ջրի մակերեւույթին էին տեսել 2015-ի դեկտեմբերի 21-ին, տեղեկացնում է Lenta-ն:
Կենդանին Հոան Կիեմ լճի կրիաների տեսակի հինգ ներկայացուցիչներից մեկն էր: Մնացած չորսը զույգերով ապրում են Վիետնամում եւ Չինաստանում:
Ջրամբարը հայտնի է որպես մի վայր, որտեղ, առասպելի համաձայն, չինական տիրապետության դեմ ոտքի կանգնած Լե Լոյին թուր է նվիրել Թհուանհեն ոսկե կրիան: Զենքը ստանալով` Լե Լոյը ջախջախել էր չինական բանակը եւ դարձել վերածնված Լե տոհմի հիմնադիրը:
Հաղթանակի պատվին ռազմիկը տոնախմբություն էր կազմակերպել լճի վրա, որտեղ ապրում էր կրիան: Լե Լոյն ու իր մերձավորները լողացել էին դեպի ջրամբարի կենտրոն, որտեղ նրանց առջեւ հայտնվել էր կախարդական կենդանին: «Քեզ, Լե Լոյ, թուր էր ուղարկվել թշնամուն ջախջախելու համար: Քո պարտքը կատարված է, դու հաղթել ես: Այդ թուրը սարսափելի է միայն նվաճողների համար, իսկ հիմա դա ինձ վերադարձրու», — ասել էր նա: Թուրը ջրի մակերեւույթի վրա կիսաշրջան էր գծել, ինչից հետո կրիան այն իր երախի մեջ էր առել եւ անհետացել էր:



























