Գրենլանդիայի սառույցների հալվելը համաշխարհային օվկիանոսի մակարդակն ավելի արագ է բարձրացնում, քան ենթադրվում էր նախկինում:  Նման եզրահանգման են եկել Դանիայի եւ Գրենլանդիայի երկրալեռնահետախուզական ծառայության աշխատակիցները, որոնք ուսումնասիրում էին աշխարհի խոշորագույն կղզու սառցածածկույթի կառուցվածքը Գիտնականները պարզել են, որ 2009-ի եւ 2010-ի հատկապես շոգ ամառային սեզոններից հետո ձյան եւ փուխր-հատիկավոր սառույցի   (այսպես կոչված ֆիրնը) շերտը, որը ծածկում է կղզու զգալի մասը, կորցրել է օվկիանոս լցվող ձնհալի ջուրը պահելու իր կարողությունը:  Տվյալ էֆեկտը նախկինում հաշվի չէր առնվում կլիմայական մոդելներ կազմողների կողմից եւ կարող է նշանակել, որ մարդկությունը կսկսի կլիմայի տաքացման հետեւանքներն իր վրա զգալ ավելի արագ, քան նախկինում ենթադրվում էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես դանիական գիտական համացանցային  videnskab.dk պորտալին իր տված մեկնաբանության մեջ բացատրել է հետազոտությանը մասնակցած պրոֆեսոր Ջեյսոն Բոքսը, մի քանի անկանոն տաք սեզոնից հետո, երբ ձյան մակերեւույթին չափից շատ ջուր է հավաքվում, դա սառույցի ամուր կեղեւ է ստեղծում, որը հետագա տարիներին ձնհալի ջրին այլեւս թույլ չի տալիս ներթափանցել դեպի խորք եւ դարձյալ սառչել:  Եթե ավելի վաղ ֆիրնային ծակոտկեն շերտի հաստությունը, որը կարող էր արդյունավետորեն պահել ջուրը, Գրենլանդիայի մի քանի շրջաններում հասնում էր   40 մետրի, ապա այժմ այն կրճատվել է մինչեւ 3 մետր: Իմիջիայլոց, գիտնականներն առայժմ մինչեւ վերջ չեն հասկանում, թե որքան տարածված է տվյալ երեւույթը:

«Դրա հետեւանքով ծով է թափվում զգալիորեն ավելի շատ ձնհալի ջուր, ինչը մեզ համար շատ տհաճ անակնկալ է, ինչի պատճառով անհրաժեշտ կլինի առաջիկա տասնամյակներին համաշխարհային օվկիանոսի բարձրացման մասին գնահատականները վերանայել դեպի բարձրացում», ընդգծել է Բոքսը:   Նրա գործընկեր սառցաբան Դիրք վան Ասի խոսքով, սառցածածկույթի կառուցվածքի փոփոխությունը կլիմայի գլոբալ տաքացման ուղղակի հետեւանքն է: Գիտնականները նշում են, որ  ջրաթափանց ֆիրնային շերտի վերականգնումը մի քանի տարի կխլի, եւ դրանք պիտի լինեն այնպիսի տարիներ, երբ կղզու վրա ամառային ջերմաստիճանն այնքան բարձր չի լինի: 

Այդ հետազոտության մասին հոդվածը հրապարակվել  է  Nature ամսագրի վերջին համարում: Հունվարին  Nature Communications գիտական էլեկտրոնային ամսագրում, որը թողարկում է նույն հրատարակչությունը, մի հետազոտություն էր հրապարակվել, որը նվիրված էր գրենլանդական սառցաբեկորներին: Դրա հեղինակները պնդում են, որ ցածր ամպամածությունը մեկ երրորդով ավելացնում է հալվելու արագությունը, որովհետեւ ամպերը խոչընդոտում են գիշերը ձնհալի ջրի կրկնակի սառչելուն: