Ֆինանսների նախարարությունը եւ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հունվարի 26-ին կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդմամբ, 75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը եւ եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի եւ օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաեւ հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել եւ ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:

Զարգացման ֆրանսիական գործակալության եւ ՀՀ Էկոնոմիկային նախարարության միջեւ 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր: