Վենեսուելան պահանջել է ՕՊԵԿ-ի արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու նավթի գները պահելու միջոցառումները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ի իր աղբյուրները:
Միաժամանակ, կազմակերպության 4 ներկայացուցիչներ գործակալության հետ զրույցում նշել են, որ արտահերթ նիստ հրավիրելու հավանականությունը փոքր է:
Կազմակերպության կանոնների համաձայն, արտահերթ նիստ հրավիրվում է, եթե այդ որոշման օգտին քվեարկում են ՕՊԵԿ անդամ 13 երկրների մեծամասնությունը: Բայց կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, պրակտիկայում նման բան անհնար է առանց Սաուդյան Արաբիայի եւ նավթ արդյունահանող այլ խոշոր երկրների համաձայնության, հաղորդում է РБК-ն:
Reuters-ը նշում է, որ Սաուդյան Արաբիան արտահերթ նիստի անհրաժեշտություն չի տեսնում, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է այս տարվա հունիսի 2-ին:
Նշենք, որ երեկ երեկոյան Brent տեսակի նավթը վաճառվում էր 27,59 դոլարով՝ մեկ բարելի դիմաց:



























