Սաուդյան Արաբիան մտադիր չէ կրճատել ածխաջրածնի հանքարդյունահանման ծավալները, բայց ամեն դեպքում հույս ունի, որ 2016թ. նավթի սակարկությունները աճ կգրանցեն։ Այս մասին հայտնել է երկրի խոշորագույն նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի ղեկավար Խալիդ ալ Ֆալիհը, գրում է Financial Times-ը։  Նրա խոսքով՝ նավթի գինը 30 դոլարից ցած ընկնելը իռացիոնալ երեւույթ է։

«Շուկան շատ ուժեղ անկում է գրանցել, եւ հետագա վերելքն անհրաժեշտ է»,- ասել է Խալիդ Ալ Ֆալիհը։  Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան, որն աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող երկիրն է,  միակողմանի կերպով չի կրճատելու մատակարարումները կամ ճանապարհ զիջելու մրցակիցներին, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Եթե գները ցածր մնան, մենք կարող ենք դեռ երկար ժամանակ դիմանալ։ Բնականաբար մենք նման սցենար չենք ցանկանում»,- ասել է Saudi Aramco-ի ղեկավարը։ Ընդ որում, նա հայտնել է, որ նավթի սակարկությունները, ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջին կբարձրանան։

Շաբաթվա սկզբին Brent տեսակի  նավթի մեկ բարելի գինը 28 դոլարից նվազել էր Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ֆոնին։  Հունվարի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 09։00-ին, Brent տեսակի նավթի մարտի մատակարարումներն արժեին 29.74 դոլար մեկ բարելի դիմաց։

Սաուդյան Արաբիան բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ նավթի սակարկությունները բարձրացնելու համար կրճատել ածխաջրածնի հանքարդյունահանման ծավալները։