Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների եւ իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ դրանով իսկ խրախուսելով անհանդուրժողականությունը երկրի պաշտոնական դիրքորոշմանը հակադիր ցանկացած գաղափարի նկատմամբ: Այս մասին, հունվարի 21-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1086-րդ հանդիպման ընթացքում նշել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ:

ՀՀ դեսպանը կիսել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հունվարի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտված ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու, ինչը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության եւ լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարեւորությունը:

Նա նշեց, որ Հայաստանը հետեւողական կերպով սատարում է մամուլի ազատությանը եւ լրագրողների ու իրավապաշտպանների անվտանգությանը: Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների եւ իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ դրանով իսկ խրախուսելով անհանդուրժողականությունը երկրի պաշտոնական դիրքորոշմանը հակադիր ցանկացած գաղափարի նկատմամբ:

Այդ համատեքստում հայկական կողմը մատնանշել է թուրքական իշխանությունների արձագանքը հայտնի թուրք մտավորականների նկատմամբ, որոնք համարձակվել են ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն թուրքական հասարակության մի լայն զանգվածի՝ ընդգծելով, որ նրանց նկատմամբ հարուցվել է հետաքննություն թուրքական քրեական օրենգրքի 301-րդ հոդվածի հիման վրա, որը ժամանակին օգտագործվել էր Հրանտ Դինքին մեղադրելու եւ դատապարտելու համար:

Դեսպան Կիրակոսյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ թուրք հասարակության զգալի մի հատված ցույցերի էր դուրս եկել՝ նշելու Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր կազմակերպիչներին: Հայաստանի ներկայացուցիչը նաեւ կոչ է արել թուրքական իշխանություններին պատշաճ արձագանքել այդ կոչերին: