ԱՄՆ-ում տարիներ շարունակ գործող նավթ արտահանելու արգելքն այս շաբաթվանից այլեւս արդիական չէ։ Ամերիկյան նավթ տեղափոխող առաջին տանկերը հունվարի 21-ին ժամանեց Եվրոպա, եւ դրանով իսկ սկիզբ դրեց նավթի գների իրական ճգնաժամին։ Այս մասին Die Welt պարբերականում հրապարակած հոդվածում գրում է վերլուծաբան Քարսթեն Զայբելը։ 

Հեղինակը նշում է, որ փորձագետները ամերիկյան նավթատարի ժամանումը ոգեւորությամբ չեն դիմավորել։ Նրանք կարծում են, որ դա կբարձրացնի առանց այն էլ առկա նավթի գերառաջարկը, կմեծանա գնանկման ռիսկը։

«Ամերիկյան նավթի արտահանման արգելքը գործում էր 40 տարի։ Այն սահմանվել էր 1973թ. ճգնաժամի տարիներին՝ այլ երկրների նավթից ունեցած կախվածությունից խուսափելու համար։ Սակայն 1970-ական թթ. դժվար թե ինչ-որ մեկը կարողանար պատկերացնել, որ ԱՄՆ-ը ինչ-որ պահի ավելի շատ նավթ կարտադրի, քան ի վիճակի է սպառել աշխարհի ամենամեծ տնտեսությունը»,- գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ 2008թ.-ից ամերիկացիները նավթի արդյունահանումը օրական 5 մլն բարելից հասցրին մինչեւ 9 մլն բարելի։

«Նավթի համաշխարհային շուկայում գների կտրուկ անկումը սրանով միայն նոր թափ կստանա։ Տարվա սկզբից նավթի հումքի մեկ բարելը 25 տոկոսով էժանացել է, եւ փորձագետները կանխատեսում են, որ էժան նավթի դարաշրջանը դեռ առջեւում է։

Շուկայի խոշոր խաղացողների ոչ մեկը տեղից չի շարժվում դա կանխելու համար։ Դրան գումարած՝ շուկայում հայտնվելու է նոր խաղացող՝ պատժամիջոցներից ազատված Իրանը, որը ժամանակին Սաուդյան Արաբիայի հետ հավասար հիմնական նավթ մատակարարողներից էր»,- շարունակում է վերլուծաբանը։

Նա մեջբերում է UBS շվեյցարական բանկի փորձագետների կանխատեսումները, որոնց համաձայն՝ Իրանը  մինչեւ տարեվերջ մինչեւ 3.6 մլն բարել նավթ կարդյունահանի։ Իսկ այսօր արդեն օրական արտադրվում է մեկ-երկու մլն բարել ավելի շատ նավթ, քան սպառվում է աշխարհում։

«Նավթի ավելցուկի հեռանկարը ներդրողներին ստիպում է շունչները պահած հետեւել շուկայի գներին։  Թեպետ նավթի Brent եւ WTI տեսակները կայունացել են 27-28 դոլարի սահմաններում, փորձագետները կարծում են, որ դա ժամանակավոր երեւույթ է։ Ապրանքաշրջանառության կորուստները փոխհատուցելու համար ավելի ու ավելի շատ հումք է մշակվում։ Մեծ է նաեւ շուկայում մրցունակությունը կորցնելու վախը։ Եվ ամենակարեւորն այն է, որ ոչ ոք չգիտի, թե դրանից հետո իրո՞ք նավթի գները նորից կբարձրանան։

Հատկապես որ կան ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական շահեր։ Այսպես՝ ամենախոշոր նավթ արդյունահանող երկիրը՝ Սաուդյան Արաբիան, չի ցանկանում օգնել իր երդվյալ թշնամի Իրանին մատչելի գնով շուկա նավթ մատակարարելու հարցում»,- եզրափակում է հեղինակը։